Գիշերը 1-ն անց 18 րոպե էր, երբ Ռիտա անունով ճանճուհին ու նրա ապուպապիկը բաց պատուհանից մտան ներս:
-Պապ, տես հա, էստեղ քնած մարդ կա: Եթե զկռտոցդ էլի բռնի, կարթնանան ու կբռնեն մեզ, ու պատմությունն արդեն ոչ Ռիտա անունով ճանճուհուն կհիշի, ոչ էլ նրա Բաբկեն ապուպապիկին:
-Ռիտա աղջիկ, վերջին անգամ եմ ասում, իմ անունը Բաբկեն չէ, այլ` Բայանդուր և թե դու ինչու ես ամաչում այդ անունից, չեմ հասկանում: Դա մեր տոհմի ամենափառավոր անունն էր, նրա ապուպապիկինն էլ, դե կարճ ասած, ես Բայանդուր 17-րդ–ն եմ: Իսկ զկռտոցը բռնում է, երբ սոված եմ լինում, իսկ ես մեղք չունեմ, որ սոված եմ. Մեղավորը իմ ճանճագիր կոչվածն է:
-Լավ, պապ, բայց զկռտոցը բռնում է, երբ ինչ-որ բան ես գողանում, իսկ մենք, կարծեմ, հենց այդ նպատակով ենք եկել:
