Ես իրոք հույս ունեի, որ այս խաղալիքը մեր հարևան Ռուբիկ ձյաձյան էր պատրաստել, ու տանջվում էի, շուռումուռ տալիս ... Հետո մի քիչ էլ մեծացա ու հասկացա, որ այս խորանարդիկը ստեղծելու համար մեր հարևան Ռուբիկ ձյաձյա լինելը դեռ շատ քիչ է, իսկ Ռուբիկն էլ կարող է ոչ միայն անուն լինել, այլև ազգանուն, այն էլ հունգարացու ազգանուն....
Էռնո Ռուբիկը Բուդապեշտ քաղաքի Կիրառական արվեստների ակադեմիայի դասախոս էր և իր ուսանողներին մի օր հերթական առաջադրանքը տվեց՝ ահա այսպիսի գլուխկոտրուկի տեսքով:
Ռուբիկի կուբիկն անմիջապես բոլորին դուր եկավ: Խաղալիքը սկսեցին արտադրել և փոքր ծավալով այն վաճառքի հանվեց: Իհարկե, առանց լավ PR-ի գործը գլուխ չէր գա: Հնարավոր է խաղալիքի մասին շատ շուտով բոլորը մոռանային, եթե Տիբոր Լակզին և Թոմ Կրեմերը կուբիկի հեղինակին չօգնեին այն տարածել ողջ աշխարհով: PR-ն աշխատեց և շատ շուտով այս խաղալիքը հայտնվեց բոլորի՝ դպրոցականների, տնային տնտեսուհիների, թոշակառուների ու պրոֆեսորների ձեռքին, ամբողջ աշխարհում յուրաքանչյուր 8-րդ մարդ փորձում էր լուծել այս գլուխկոտրուկը: Այն սկսեց համարվել Նոր տարվա և ծննդյան տոների ամենալավ նվերը: Կուբիկ-ռուբիկը ամենահարմար և մոդայիկ նվերն էր նաև «կարևոր» մարդկանց համար. ճիշտ այդպես, Կուբիկ-ռուբիկով նաև կաշառք էին տալիս բարձրաստիճան պաշտոնյաներին, իհարկե, միայն լիցենզավորված կուբիկներով :) Իսկ որոշ երկրների ռեստորաններում էլ մենյուի հետ նաև Կուբիկ-ռուբիկ էին բերում :)

Բայց շատ ու շատ մարդիկ ոչ միայն հեշտությամբ կարողանում են լուծել այս գլուխկոտրուկը, այլև Կուբիկ-ռուբիկի արագ հավաքման մրցույթներ են կազմակերպում: Գլուխկոտրուկն ամենից արագ կարողացել են լուծել բոլորովին վերջերս, ընդամենը 7 վայրկյանում: Անցկացվում են նաև Կուբիկ-ռուբիկը մեկ ձեռքով, ոտքերով և անգամ փակ աչքերով հավաքելու մրցույթներ:

0 Մեկնաբանություն: