Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters
February 5, 2011

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎԵՊ


              Հայ գրականության մեջ հեղինակները բազմիցս անդրադարձել են 4-րդ դարի դեպքերին ու մասնավորապես Արշակ 2-րդի թագավորության տարիներին: Րաֆֆու, Դեմիճյանի, Զորյանի, Զեյթունցյանի վեպերին ավելացավ նաև ժամանակակից գրականության նշանակալի հեղինակներից մեկի` Լևոն Խեչոյանի «Արշակ արք.Դրաստամատ ներքինի» վեպը: Այս հեղինակներից յուրաքանչյուրին այդ դարաշրջանը հետաքրքրել է տարբեր պատճառներով, նրանցից յուրաքանչյուրն էլ այնտեղ գտել է մի ենթաշերտ, որը հատկապես իր ժամանակներն է հիշեցնում և խորհուրդ, որն անհրաժեշտ է մեր երկրին ու ժողովրդին այդ օրերին: Լևոն Խեչոյանին նորից ու նորից այս թեմային անդրադառնա ստիպել են 90-ական թվականները` իր թերի ու մերժելի կողմերով:
                Նշված հեղինակների ու Լևոն Խեչոյանի պատմավեպերի տարբերությունը միայն ասելիքի ու ներքին ենթաշերտերի մեջ չէ, այլև նրանց պատումների առանձնահատկությունների մեջ
Լևոն-Զավեն Սյուրմելյանը գրում է իր «Արձակի տեխնիկա» գրքում. «Գրողի համար բավարար չէ միայն իր ասելիքն իմանալը. Նա պետք է  նաև իմանա, թե ինչպես դա ասել. Սա հին կանոն է: Եվ եթե ոճն ինքը մարդն է, ինչպես ասել է Բյոֆոնը, ապա շատ բան կախված է նրանից, թե ինչ տիպի անձնավորություն է գրողը: Հավանաբար, պատմողական արձակի ամենահետաքրքրական ու համոզիչ իրողությունը դրա միջոցով արտացոլված գրողի անհատականությունն է»: Հաշվի առնելով սա` պետք է ընդունենք, որ Լևոն Խեչոյանի վեպի արտասովոր ոճը, հնարքները, յուրահատուկ մոտեցումը ներկայացվող նյութին խոսում են նաև նրա ինքնատիպ անհատականության ու խորաթափանց մտքի մասին:
Վաղուց ծանոթ դեպքերը չեն պատմվում իրենց սովորական հաջորդականությամբ և ներքին իմաստներով: Այդ դեպքում կստացվեր սոսկ կրկնություն արդեն ոչ միայն պատմական դեպքերի, այլև նախկինում այս թեմային անդրադարձած հեղինակների ստեղծագործության: Խեչոյանը դրանք պատմում է միանգամայն արտասովոր դասավորվածությամբ ու պատճառաբանվածությամբ: Պատմական նյութին անծանոթ ընթերցողը կկազմի բոլորովին այլ պատկերացում դեպքերի մասին, իսկ Բուզանդի, Րաֆֆու և մյուս հեղինակների գործերն ընթերցած մարդու միտքը Խեչոյանի գիրքը կարող է հեղաշրջել:
                Բոլոր բանասերներին, անգամ դպրոցականներին քաջ ծանոթ Արշակ-Տիրիթ-Գնել-Փառանձեմ պատմությունը Լևո Խեչոյանը նեկայացնում է միանգամայն այլ կերպ: Չկա Փառանձեմի գեղեցկության գովքը: Թագավորը չի լսել նրա գեղեցկության մասին, Տիրիթը սիրահարված չէ նրան և չի չարախոսել իր եղբորը` Գնելին, Փառանձեմին տիրանալու համար: Այս դեպքերի սկզբում Տիրիթի դերն առհասարակ անտեսված է: Գնելի մեջ թագավորը տեսնում է լոկ իր թագի հավակնորդի, որը ունի Տիրան արքայահոր աջակցությունը: Այդ նպատակով է որոշվում Գնելին ուղարկել Բյուզանդիա, հատկապես որ նա լավ գիտեր Բյուզանդական երկրի քաղաքականությունը: Հենց այդ նպատակով էլ նրան հրավիորւմ են մայրաքաղաք մասնակցելու Նավասարդի տոնին: Մշուշոտ պայմաններում սպանված Գնելի մահվան համար մեղավոր է հայտարարվում մի անմեղ պատանի` Աբել անունով: Այս կերպարը ամբողջությամբ Լևոն Խեչոյանի կողմից է հնարված: Այս երևույթը վեպում ի հայտ է գալիս նաև այլ առիթներով. հեղինակը յուրովի պատճառաբանություններ է բերում դեպքերի համար: Հատկապես տպավորիչ է կախաղան բարձրացված Աբելի մոր օրհնանքը թագավորին` մարտում զոհվածի թոշակ ստանալու առիթով:
Երբ փորձում ես 4-րդ դարի դեպքերի ենթատեքստում գտնել ժամանակակից իրականությունը, տեսնում ես, որ ընդհանրությունները, անգամ նույնությունները զարմանալիորեն շատ են, իհարկե դա հատկապես ընդգծված է Լևոն Խեչոյանի գրիչով:
Փառանձեմի հետ ամուսնանալու «թույլտվություն» ժողովուրդը Արշակին տալիս է ցլին հաղթելուց հետո: Ցլին հաղթելու առասպելը Խեչոյանն է մեջբերում. Առհասարակ առասպելներն ու դիցաբանական պատմությունները մեծ թիվ են կազմում Խեչոյանի գրքում. Դրան կանդրադառնանք քիչ անց: Բոլորովին այլ կերպ են ներկայացվում Արշակի և Փառանձեմի հարաբերությունները, հատկապես նրանց սեռական կյանքը. Եթե Փավստոս Բուզանդը ասում էր, որ Փառանձեմին տհաճ էր Արշակը և չէր կարողանում նրան սիրել, որովհետև նրա մարմինը թուխ է, ինքը թավամազ, ապա այստեղ այդ խոսքերը հնչում են մայրապետի շուրթերից, ով իհարկե կարող էր մեկնաբանել թագուհու արցունքներն ու սառը քրտինքը իր տեսակետից:
Յուրօրինակ մեկնաբանությոն է ստանում նաև նաև արքայի ու Փառանձեմի միությունը: Հովվի «միջամտություն» զավեշտական դրվագից հետո, Լևոն Խեչոյանը, որ գրեթե զերծ է մնում սեփական դատողությունները արտահայտելուց, որակավորումներ տալուց, այստեղ ակնհայտ դրական երանգներով է ներկայացնում այս հատվածը: «Հետո նրանք Արագածից ցած են իջել, ու նրանց ետևից անձևը եկել, իջել է բերքատու դաշտերին, հանդերին ու պտղատու այգիներին: Ամբողջ մի շաբաթ անձրև էր գալիս, իսկ տարին երաշտով էր սկսվել: Եթե Արշակ արքան ու  Փառանձեմ թագուհին տարվա այդ եղանակին լեռները չբարձրանային. Հայոց աշխարհում սով կլիներ ու չէր ծնվի Պապ թագավորը: Գետնի տակ սգում էր դժոխքը, իսկ վերևում ցնծում էր երկինքը»:
Իսկ Տիրիթին հանդիպում ենք բոլորովին այլ իրավիճակներում` Վարսենիկ հարճի հետ սիրավեպում և թագավորի դեմ կույր ու անկամք զենք դարձած ըմբոստ նախարարների ձեռքին, և վերջապես Լևոն Խեչոյանի վեպում Տիրիթին արքան չի սպանում, այլ կուրացնում է. Ասել է թե «Արշակ թագավորի սերը մեծ էր Տիրիթի նկատմամբ»: առանձնահատուկ ձևով բնորոշում են Տիրիրթին նրա այս խոսքերը. «Ես ինչ անեմ. Ես չեմ կարող ոչինչ չանել»:
Երբեմն դեպքերի պատճառները Խեչոյանը մեկնաբանում է մի քիչ տարօրինակ, երբեմն էլ զավեշտալի ձևով, իհարկե ոչ պատահաբար են դրանք այդպիսին: Օրինակ Աբդիշո քահանայի մասին Ներսեսի տեղեկանալը այսպես է մեկնաբանվում. «Տիրիթը` Գնելի հորեղբորորդին, ճիճու ուներ և գիշերները անհանգիստ էր քնում, այդ խոսակցությունը լսել էր և մանրամասն հասցրել կաթողիկոս Ներսեսին»:
«Հունաց ամբողջ երկիրը սգի մեջ էր: Փոքրիկ արքայազնը այգում ծառերի մեջ խաղացել էր վայրի տանձով` վեր էր նետել տանձը և բերանով բռնել: Մի անգամ այնքան խորն էր մտել նրա կոկորդը, որ մինչև կհասցնեին օգնել, երեխան հեղձամահ էր եղել»: - 118  
Խեչոյանը ոչ միայն չի արտահայտում սեփական վերաբերմունքը, այլև ներկայացնում է ամենատարբեր հերոսների տե­­սակետներ նույն հարցի շուրջ: Արշակի պահվածքի հետևանքով Հռոմն ու Պարսկաստանը Հայաստանի համար անբարենպաստ դաշնագիր են կնքում: Հայոց աշխարհը հուզվում է ու հնչում են բազմաթիվ կարծիքներ Արշակի մասին.
«Ոմանք մեղադրում էին Արշակ թագավորին անհեռատեսության համար...»:
«Ոմանք էլ հակառակն էին պնդում»:
«Եղան և այնպիսիք, որ հայտարարեցին, թե ժամանակին թագավորն իրենց ազգապահպան խորհուրդները հաշվի չի առել ու հիմա հատուցման ժամն է եկել»:
«Ոմանք ասին` եթե երանելի Ներսեսը աթոռից չհեռացվեր, երկիրը կփրկեր»:
«Չունակ եպիսկոպոսն ու եկեղեցու նրա հոգևոր հայրերը այլ բացատրություններ էին տալիս. «Որ թագավորը բա էլ ի՞նչ պիտի աներ. Պետությունը անկախ պահելու, ժողովրդին ստրկությունից փրկելու տեսակետից ճիշտ է վարվել»:
«Վիպական շմարտությունը որոնվում է հակադիր ու հարակից կարծիքների բախման մեջ, որն ընդգրկում է անչափ ընդարձակ պարագծեր` փիլիսոփայական դատումից մինչև փողոցային բամբասանքը»,- գրում է Սեյրան Գրիգորյանը:
Հաճախ ոչ միայն մի քանի տեսակետներ են ներկայացվում, այլև պատմությունն է ներկայացվում մի քանի անգամ և մի քանի կողմից: Յուրաքանչյուր անգամ ներկայացվելիս այդ պատմությունը նոր ենթաշերտեր է ձեռք բերում: 115-րդ, 144-րդ, 148-րդ, 156-րդ, 158-րդ էջերում կրկին ու կրկին պատմվում են Հայր Մարդպետի  սպանության հանգամանքները: Մի տեղ ասվում է, թե Հայր Մարդպետն այնքնա գինովցած էր, որ չի կասկածել ոչ Շավասպ Արծրունու պատմությանը սպիտակ արջի մասին, ոչ էլ զգացել է, որ իրեն հետապնդում է Շավասպը: Մյուս դեպքում ասվում է, թե Հայր Մարդպետը ամեն ինչ էլ հասկացել է, նույնիսկ Շավասպ Արծրունուն ասել է, թե նա ստացել է իր աստիճանաբարձը, դրա համար է կոճղը արջի հետ շփոթում:
Սեյրան Գրիգորյանը նշում է, որ Լևոն Խեչոյանի վեպը ավելի բարդ է և չի հանդուրժում միանշանակ լուծումներ և վեպի հյուսվածքը որքան գործողությունների վեպ է, նույնքան էլ մտքերի վեպ, որ հիմնականում արտահայտվում է երկխոսության ու մենախոսության միջոցով:
Ինչպես գիտենք կրկնությունները, թե խոսքային, թե գործողությունների կրկնությունները հատուկ են հեքիաթներին, երբ մի քանի փորձից հերոսին վերջապես հաջողվում է այս կամ այն բանը: Նույն կերպ վեպի ողջ ընթացքում տեսնում մենք Դրաստամատին ու Ֆարուխին, որ բազմիցս փորձում են մուտք գործել Անհուշ բերդ ու ազատ արձակել Արշակին: Առաջին անգամ Ֆարուխը փորձում է ներս մտնել աստղահմա մոգի կերպարով, երկրորդ անգամ թափառական բաղնեպանի և երրորդ անգամ ոսկի ձուլողի կերպարանքով: Եվ յուրաքնաչյուր անգամ բանտապահը, որ բավական հետաքրքիր կերպար է, հիշում է տրոյական ձիու առասպելը, պատռել է տալիս Ֆարուխի ուղտի փորն ու ջրի տիկերը, խոստանում հեռանալիս վերադարձնել և ամեն անգամ վռնդելով Ֆարուխին չի վերադարձնում: Իսկ ամեն հաջորդ անգամ ճանաչում է Ֆարուխին և հարցնում, օրինակ` «Դու տասը տարի առաջ այստեղ եկած աստղահմա մոգը, վեց տարի առաջվա թափառական բաղնեպանը, հինգ տարի առաջվա  ոսկի ձուլողը չե՞ս »:
Հեքիաթային հերոսներին է հիշեցնում նաև բանտարկված Արշակ արքան` բանտից փախչելու բազմաաթիվ փորձերով: Նույնպիսի երանգ ունի նաև Դրաստամատի անցումը մանկությունից պատանեկություն, նրա անհագ ուսումնառությունը և թագավորի միտքն ու հոգին իր մեջ ամփոփելը:
Առհասարակ վեպում մեծ տեղ են զբաղեցնում առասպելները ու զանազան պատմությունները: Պատմավեպերով հարուստ հայ գրականության մեջ չկա մեկ ուրիշ գործ, որը դիցաշխարհային մտածողության առումով գերազանցի այս վեպը: Խեչոյանը հաճախ դրանցով ընդմիջում է դեպքերի զարգացումը և դրանք պատմում այնպիսի բնական երանգով, ասես ամեն ինչ եհնց այդպես էլ եղել է: Դա իհարկե բնորոշ է 20-րդ դարում արևմտյան և հատկապես լատինաամերիկյան գրականությանը, որը լուրջ նվաճումների է հասել միֆաստեղծ գրականության ասպարեզում: Բերենք մի քանի օրինակներ.
Մեր էպոսի հերոս փոքր Մհերի առասպելի նմանությամբ է ստեղծված Մերուժան Արծրունու առասպել-պատմությունը: Նախ այս կերպարը ներկայացված է բոլորովին այլ տեսանկյունից, ռեալ մտքեր է արտահայտում պետության ու պետականության վերաբերյալ, իսկ նրա «դավաճանությունն» էլ մեկնաբանվում է որպես վրեժխնդրություն Արշակից իր տոհմը կոտորելու և նաև հորը` Շավասպին սպանելու համար: Եվ միթե կարելի է դավաճանություն համարել իր արարքը, երբ իր հետ էին նախարարների ու ժողովրդի կեսը: Մերուժանին չէր կարողանում պահել նաև հայրենի հողը, ձիու սմբակները, անգամ բազմոցի ոտքերն էին խրվում հողի մեջ:
Հետաքրքրաշարժ է հարալեզ շան մասին առասպելը, որին իբր ծնել էր մի շուն հարալեզ դարձած աստծո սերմից և որին նվիրել էին Արշակին: Նա երբեք չէր հաչում, միշտ Արշակի հետ էր և մարդու նման խելոք աչքեր ուներ: Իսկ Տիրիթի ու նախարարների հետ կռվում Արշակը կախեց նրան ծառից` ի նշան կենաց ու մահու պայքարի: Ավելի ուշ հայկական վանքում Դրաստամատին ու Ֆարուխին պատմում են մի վանականի մասին, որը ասում էր, թե ինքը այդ վանքի վանակններից է և գնացել էր երգող թռչունի ետևից, իսկ մյուս վանականներն էլ ասում էին, թե այդպիսի բան եղել է, բայց մի քրմի հետ և այն էլ 500 տարի առաջ: Արշակ արքայի բանտախցում արդեն պարզ է դառնում, որ այդ վանականը Արշակ արքայի հարալեզն է: Նա արքային պատմում է մարդկության արարման և հայ ժողովրդի ծննդաբանության առասպելները, բայց բոլորովին այլ կերպ` միահյուսելով նաև Հայկի ու Վահագնի կերպարները:
Միֆական է նաև այս հատվածը և հիշեցնում է Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը». «Այդ տարի աշնանը վաթսուն օր գիշերը անդադար կարմիր ձյուն էր գալիս, ցերեկը հալվում: Այդ ձմեռ երկրում ճքճքան ցրտեր բռնկվեցին, սառնամանիքն այնքան սաստկացավ, որ փետրվար ամսին բոլոր կատուները արյուն միզեցին: Արշակ թագավորը դեռ էլի կռվում էր...»: - 299
«Գյուղացիները զինվորների աջ ձեռքերի մատները կտրեին, իսկ նրանց զորապետների ողնաշարերին ցից խրեցին, որպեսզի նույնիսկ հարության դեպքում զինվորը էլ սուր չկարողանա բարձրացնել, զորապետերը խեղանդամ դարձած, չկարողանան ձի նստել: Չնայած այս բոլոր նախազգուշական միջոցներին` հաջորդ օրը ցախի գնացած գյուղացիները անտառում թաքնված, աջ ձեռքերը կտրված երեք պարսիկ զինվոր էին տեսել ու նորից սպանվածների դիերը բերեցին գյուղ»:- 264
Այս առասպելների կողքին են գուշակությունները, երազահանությունը, նախանշաններն ու խորհրադանիշները: «Խեչոյանի Արշակը թագավոր և քաղաքագետ լինելուց բացի նաև բնության էակ է, որի վարքը կանխորոշված է լուսնի նվազումով և աճումով, մոլորակների դիրքով, կենդանակերպերի շարժումով և այլն»,- գրում է Սեյրան Գրիգորյանը: Այս ամենը վերլուծում է Դրաստամատը և իր խորհուրդներով ու մշտական հսկողությամբ պահպանում թագավորին:
Հետաքրքիր է նաև առասպելի մերժումը, որ նույնպես առկա է վեպում. Շապուհն ինքը ասում է Արշակին. «Տես, թե իմ ավագ մոգը ինձ ինչ է հուշում, ասում է նրան այստեղ պահիր, մարդ ուղարկիր հայոց աշխարհ, բերել տուր այնտեղից երկու բեռ հող և մի ամանով ջուր: Հետո հրամայիր, որ քո խորանի հատակի կեսի վրա շաղ տան ՀԱյաստանից բերած հողը, ապա դու ինքդ, հայոց Արշակ թագավորի ձեռքից բռնած, սկզբից տար խորանի այն տեղը, որտեղ բնական գետին է, և նրան հարցմունքներ արա: Հետո տար հայկական հող շաղ տված տեղը և լսիր, թե ինչ կխոսի ու կիմանաս, թե եթե նրան արձակես Հայաստան, քո ուխտն ու դաշինքը կպահի՞, թե՞` ոչ. Էություն բացահայտելու ավանդական այս ձևը զզվեցրել է ինձ, կարծես մանկական օրորոցի մոտ պատմվող հեքիաթ լինի»: -190-191
Մինչդեռ վեպում մեծ տեղ զբաղեցնող և ընդգծված տառերով գրված մեջբերումները կամ վավերագրային փաստարկները ընթերցողի համար ակնհայտ են դարձնում դեպքերի պատմական հավաստիությունը: «Իբրև ինքնավստահ ու արհեստավարժ ոճաբան` գրողն իր խոսքի դռները բացում է նաև օտար ոճերի առաջ: Առաջնային կշիռ ունեն պատմիչների, մեծ ծավալով Բուզանդի, սակավ դեպքերում Խորենացու և Ագանթագեղոսի տեքստերը: Վիպասանը «խաղարկում է» պատմագրական վկայությունները, վերանայում, վիճում, վերականգնում ենթատեքստերը, տեղաշարժում փաստերը, հորինում նորերը»,- գրում է Սեյրան Գրիգորյանը:
Հետաքրքիր ձևով են շաղկապված վեպի սկիզբը ու վերջը: Ֆարուխի ու Դրաստամատի հոգնած քարավանը ուղղություն է վերցնում դեպի հայկական վանքը և հասնում այնտեղ վեպի վերջում, իսկ այդ ընթացքում պատմվում են բազմաթիվ պատմություններ` մեկը մյուսի մեջ ներհյուսված, անորոշ անցումներշով, ժամանակայնի խառը հաջորդականությամբ, վերհուշով և այլն: Սեյրան Գրիգորյանի կարծիքով վեպը նույնիսկ թողնում է վեպ-պատմվածաշարի տպավորություն: Խեչոյանը իր գրչի «խառնակչությամբ» անհանգիստ շարժման մեջ է դնում պատմության գույները, բույրերն ու ձայները: «Առհասարակ Խեչոյանի գրելաոճին հատուկ է զգայարանների գերլարված սևեռումը խոսքային միջոցներով, և այս «տաք ոճը» լարված հետաքրքրություն է հաղորդում ընթերցմանը»,-գրում է Գրիգորյանը: Վեպի ոճը իսկապես որոշակի նմանություններ ունի ոչ միայն Մարկեսի գործերի, այլև Հրանտ Մաթևոսյանի ոճի հետ: Լևոն Խեչոյանը կարծես շարունակում է Մաթևոսյանին. Որտեղ վերջանում է Մաթևոսյանը, այնտեղ սկսվում է Խեչոյանը: Սկզբի որոնումները, խեղճության փիլիսոփայությունը և վերջապես «ուր է թագավորը» հարցադրումը տեսնում էին նաև Մաթևոսյանի գրականության մեջ:
Եվ վերջապես չենք կարող չնշել վեպի լեզվաոճային յուրահատկությունը` շատ հաճախ գործածվող վաղակատարի ձևը: Վաղակատարի ձևը կարծես զրկում է վեպը դեպքերի հստակ ժամանակ, հստակ հաջորդականություն ունենալու պահանջից: Այդպես եղել է և վերջ, երբ է եղել, որ դեպքն է հաջորդել մյուսին հստակ չի զգացվում: Կարծես ինչ-որ մեկը (տվյալ դեպքում հեղինակը) լսել է ինչ-որ մեկից և հիմա էլ պատմում է, պատմելու ընթացքում հիշելով նորանոր պատմություններ, դրանք միացնելով իրար, մի պատմությունից շեղվելով դեպի մյուսը, այդպես իմ պապիկն էր հեքիաթներ պատմում ինձ, այդպես խոսում ու պատմում են առօրյա կյանքում, այդպես անգամ բամբասում են:
Վաղակատարի ձևը երբեմն հաղորդում է վեպին հանգիստ ընթացք. «Համաժողովից հետո` տունդարձի ճանապարհին, ոչ մեկի ջորին, ուղտը, ձին չի խրտնել, հեծվորին պատեպատ չի խփել: Եղեգնուտներում նստած վագրը չի դարանակալել չորքոտանիներին հեծած հոգևոր դասին: Կարիճը չի թունավորել ճանապարհամերձ թմբին հացի նստածներին: Ամենքը գնացել, հասել են իրենց գավառները: Երթևեկ քարավաններից իմացել են, որ ամեն մի եպիսկոպոս բարեհաջող տեղ է հասել»:
Հանդիպում են իհարկե նաև այլ ժամանակաձևեր, որոնք սակայն պահպանում են վեպի ընդհանուր ոճը. «Ներսեսը մի գիշերում հասավ Սպեր գավառ` Մամիկոնյան նախարարություն, աներոջ` Վարդան Նահապետի հետ խորհրդակցեց, նա համաձայնեց, ասաց` հա: Վարդան Նահապետը իր եղբոր` համայն զորքերի սպարապետ Վասակի հետ խորհրդակցեց, նա էլ ցանկացավ, ասաց` հա: Նրա հրամանատարության տակ գտնվող զորքը ցանկացավ, գոռաց ՀԱ’…»:- 212
Վեպում պատումը չի ընդհատվում, չկա որևէ դադար, ասես ամբողջը գրվել է մեկ օրում, չկան գլուխներ, մասեր և այլ բաժանումներ պարբերություններից բացի:
Դասական պատմավեպերում հին մարդու լեզվագիտակցության կոլորիտային պատրանք ստեղծելու համար հեղինակները հաճախ են օգտագործում գրաբարյան բառեր ու արտահայտություններ, առանձին ոճեր, ընդգծվում են տարբեր հերոսների խոսելաոճերը: Խեչոյանի հերոսները խոսում են ժամանակակից գրական հայերենով և հաճախ արտահայտում այնպիսի մտքեր, գործածում այնպիսի բառեր, որոնք հատուկ են միայն ժամանակակից մարդուն:
Այս և մաազմաթիվ այլ միջոցներով Լևոն Խեչոյանը քանդում է պատմական վեպի մասին ընդունված օրենքները և կառուցում դրանք նորովի ու յուրովի: Վերնագիրը տեսնելուց հետո ընթերցողը պատրաստվում է ընթերցել իրեն վաղուց ծանոթ պատմությունը, բայց ոչ միայն հանդիպում է միանգամայն փոփոխված սյուժեի ու ներքին իմաստի, այլև բոլոր հեղինակների ոճերից առանձնացող մի ոճի և ստիպված է լինում հարմարվել այդ ոճին վեպի ընթացքի ու ներքին շերտերի մեջ թափանցելու համար: Եվ այստեղ կրկին հանգում ենք Լևոն-Զավեն Սյուրմելյանի այն մտքին, որ պատմողական արձակը անձնական արձակ է: «Բոլոր մեծ գրողներն ունեն իրենց անձնական ոճը, անհատական լեզուն, որ ուժեղ, եզակի անհատականություն է մատնանշում: Գրողը պետք է անհատականություն ունենա, որոշակիորեն ինքնուրույն լինի, որպեսզի ինքնատիպ և նոր համարվի: ՊԱտմողական արձակը սկսվում է գրողի կերպարից և արտահայտվելու նրա անձնական ազատությունից: Իսկ ազատությունն ամենաթանկն է գրողի համար: Իսկ ես-ի կորուստը կարող է ճակատագրական լինել: Գրողը երկրաչափության կամ ֆիզիկայի դասագիրք չի գրում: Արձակի ցանկացած ինքնատիպ ստեղծագործության մեջ իսկապես անհնար է փախչել  անհատականությունից: Գրողներն ամեն դեպքում խորապես ընդգծված անհատականություններ են, ընթերցելու արժանի յուրաքանչյուր գրող խոսում է սեփական բնորոշ ձայնով և նևա ձայնը հենց նրա ոճն է»: -263-264
Իսկ Լևոն Խեչոյանի վեպի առաջին էջերից արդեն պարզ է դառնում, որ գործ ունենք միանգամայն առանձնահատուկ ոճի հետ, իսկ դա էլ վկայում է հենց հեղինակի յուրօրինակ, փնտրող և կյանքի խոր ենթաշերտերի ու նրբությունների մեջ թափանցող անհատականության մասին:
Լևոն Խեչոյանի մասին կարդացեք նաև այստեղ

Անահիտ Ալեքսանյան

0 Մեկնաբանություն: