Մարինա Ցվետաևայի հանճարեղությունը նրա ուժի ու ինքնատիպության մեջ էր: Նրա ստեղծագործության մեջ շատ բան դուրս էր գալիս ընդունված կարգերի սահմաններից, նրա գրական հայացքները տարբերվում էին լայնորեն ընդունված հայացքներից: Նույնը կարելի էր ասել նաև նրա անհատականության մասին: Ցվետաևան դեռ երիտասարդ տարիքում խոստացավ ինքն իրեն միշտ հավատարիմ մնալ իր զգացմունքներին, իր հայացքներին ու իր գործին` անկախ ժամանակից ու հանգամանքներից:
Ցվետաևան բանաստեղծուհի էր, արձակագիր ու թարգմանչուհի: Նա 20-րդ դարի մեծագույն բանաստեղծներից մեկն էր: Ծնվել է 1892թվականի սեպտեմբերի 26-ին Մոսկվայում:
Красною кистью
Рябина зажглась.
Падали листья.
Я родилась.
Ցվետաևայի ծնողներն էին Իվան Ցվետաևը և Մարիա Ցվետաևան (Մեյն): Իվան Ցվետաևը բանասեր էր, պրոֆեսոր, գլխավորում էր պատմության և արվեստների տեսության ամբիոնը Մոսկվայի համալսարանում, գեղարվեստի և դասական հնությունների պահապանն էր Մոսկովյան և Ռումյանցևյան թանգարաններում: Քանի որ հայրը շատ ազատ ժամանակ չուներ երեխաների դաստիարակությամբ զբաղվելու համար, Ցվետաևայի վրա ավելի մեծ ազդեցություն ունեցավ մայրը`Մարիա Ալեքսանդրովնան: Ցվետաևների ամուսնությունը երջանիկ չէր, Մարիային ամուսնացրել էին հակառակ իր կամքի` բաժանելով իր սիրելիից, որն ամուսնացած էր, իսկ Ցվետաևը դեռ սիրում էր իր առաջին հանգուցյալ կնոջը: Ցվետաևային լեհուհի մորից փոխանցվել են և մաքսիմալիզմը, և կենցաղին մշտապես հակադրվող ռոմանտիզմը: Մայրը վաղ է մահացել, երբ Ցվետաևան ընդամենը 14 տարեկան էր. նա մորը միշտ հիշում էր ջերմ սիրով ու հարգանքով: Չնայած մոր հետ ջերմ կապերին Մարինա Ցվետաևան իրեն միայնակ և օտար էր զգում հայրական տանը: Մարինան ապրում էր իր կարդացած գրքերի, ռոմանտիկ կերպարների աշխարհում:
Մարինա Ցվետաևան սովորել է Լոզանի ֆրանսիական ինտերնատում, Գերմանական Ֆրեյնբուրգ քաղաքի պանսիոնում, իսկ 1909 թվականին մեկնում է Փարիզ, որտեղ հաճախում է Սորբոնի համալսարանի հին ֆրանսիական գրականության դասերին:
Իր իսկ վկայությամբ՝ Ցվետաևան բանաստեղծություններ սկսել է գրել 6 տարեկան հասակում, ընդ որում ոչ միայն ռուսերեն, այլև գերմաներեն ու ֆրանսերեն: 1906-1907 թթ. գրել է «Չորրորդները» պատմվածքը, 1906թ. ռուսերեն է թարգմանել է ֆրանսիացի բանաստեղծ Էդմոն Ռոստանի «Արծվիկ» դրաման, որը նվիրված էր Նապոլեոնի որդու ողբերգական ճակատագրին: Ոչ թարգմանությունը, ոչ պատմվածքը չեն պահպանվել: Նրա համար հատկապես հարազատ էին Պուշկինի և գերմանացի ռոմատիկ բանաստեղծների գործերը:
Ցվետաևայի գործերը առաջին անգամ տպագրվեցին 1910 թվականին, երբ նա սեփական միջոցներով տպագրեց իր առաջին գիրքը, որը կոչվում էր «Երեկոյան ալբոմ»: Նրա այս քայլը մեծ համարձակություն էր, որովհետև ընդունված էր, որ լուրջ պոետները նախ իրենց մասին հայտարարեն ամսագրերում իրենց բանաստեղծությունները տպագրելով, իսկ հետո արդեն որոշակի համբավ ու հեղինակություն ձեռք բերելով, տպագրեն իրենց ստեղծագործությունները առանձին գրքով: Ցվետաևան բոլոր հնարավորություններն ուներ կյանք մուտք գործելու ընդունված ճանապարհով, բայց ընտրեց այլ ուղի: Եվ գրաքննադատությունը շատ լավ ընդունեց այս գրքույկը: Բրյուսովը, Գումիլյովը դրական արձագանքեցին Ցվետաևայի բանաստեղծություններին: Անձնական, անգամ «տնային» բովանդակությամբ բանաստեղծություններին միանգամայն ճիշտ էր բնորոշում ժողովածուի վերնագիրը. ալբոմ կոչում էին ձեռագիր գրքերը, որոնց մեջ սիրահարված օրիորդները գրում էին իրենց բանաստեղծությունները: Գրքի ձևավորումն էլ ալբոմի ձևավորում էր հիշեցնում. տպագրված էր հաստ ալբոմային թղթի վրա և հաստ կանաչ ալբոմային շապիկ ուներ: Գրքում տեղ գտած բանաստեղծություններն էլ պատմում էին երիտասարդ աղջկա հոգեկան ապրումների, ընկերուհիների հետ նրա հարաբերությունների մասին, բնության հրաշալիքների և նրա առաջին սիրահարության մասին:
Ամուսնու՝ Սերգեյ Էֆրոնի հետ |
Նրա համար մեծ նշանակություն ունեցան ծանոթությունները բանաստեղծներ Բրյուսովի ու Էլլիսի հետ, նրա վրա ազդեցություն թողեցին նաև Նիկոլայ Նեկրասովը և Մաքսիմիլիան Վոլոշինը, ով էլ հետագայում դարձավ նրա ամենամոտ բարեկամներից մեկը:
1910-1911 թթ. Վոլոշինը Ցվետաևային և նրա քրոջը` Անաստասիային` Ասյային հրավիրեց ամառն անցկացնել Կոկտեբլում, որտեղ ապրում էր ինքը: Այստեղ Ցվետաևան ծանոթանում է Սերգեյ Էֆրոնի հետ և իրենից մեկ տարով փոքր երիտասարդի մեջ գտնում ազնվականության, ասպետականության իր իդեալը և դրա հետ մեկտեղ անպաշտպան երեխայի: Սերը Էֆրոնի նկատմամբ Ցվետաևայի համար և մեծարանք էր, և հոգեկան կապ, և գրեթե մայրական հոգատարություն: Հանդիպումը նրա հետ Ցվետաևան ընկալեց իբրև նոր, արդեն հասուն կյանքի սկիզբ և մեծ երջանկություն: 1912 թվականի հունվարին նրանք ամուսնացան, իսկ սեպտեմբերի 5-ին ծնվեց նրանց աղջիկը` Արիադնան:
Ցվետաևայի երկրորդ գիրքը` «Կախարդական լուսացույց» (1912) ընդունվեց որպես համեմատական անհաջողություն, որը կրկնում էր առաջին գրքի յուրահատկությունները և պոետական նորություն չէր բերում: Ինքը` Ցվետաևան, նույնպես զգում էր, որ սկսել է կրկնվել, և արդեն իր երրորդ ժողովածուի համար, որը կոչվում էր «Երկու գրքերից»/1913/, շատ զգուշությամբ ընտրեց բանստեղծություններ, 239 բանաստեղծություններից, որոնք տեղ էին գտել «Երեկոյան ալբոմ» և «Կախարդական լուսացույց» գրքերում, նա ընտրեց ընդամենը 40-ը:
1913-1915 թթ. Ցվետաևայի պոետական ոճը ամբողջապես փոխվում է: Բանստեղծությունները դառնում են բազմատեսակ իրենց չափով և ռիթմով, բառապաշարի մեջ տեղ են գտնում նորաբանություններ ու ժողովրդական պոեզիայից ներթափանցած բառեր: Ձևավորվում է Ցվետաևայի միանգամայն ինքնատիպ, նրա սեփական միֆոլոգիան: Այս առանձնահատկությունները պահպանվում են Ցվետաևայի բանաստեղծությունների նույնիսկ ամենաուշ շրջանում:
Նրան հատուկ անկախության ձգտումը և ընդունված պատկերացումների ու վարքագծի կտրուկ մերժումը արտահայտվում էին ոչ միայն մարդկանց հետ շփման մեջ, այլև նրա քաղաքական հայացքներում: Առաջին համաշխարհային պատերազմը նա ընդունեց որպես ատելության պայթյուն դեռ մանկուց իրեն հարազատ Գերմանիայի հանդեպ: 1912 թվականին Սեգեյ Էֆրոնը կիսատ թողեց ուսումը և գթության եղբայր դարձավ սանիտարական գնացքում: Ցվետաևան արձագանքեց պատերազմին այնպիսի բանաստեղծություններով, որոնք կտրուկ տարբերվում էին մյուս գրողների հայրենասիրական բանաստեղծություններից:
Ты миру отдана на травлю,
И счета нет твоим врагам,
Ну, как же я тебя оставлю?
Ну, как же я тебя предам?
("Германии", 1914)
Փետրվարյան հեղափոխությունը նա ողջունում էր, իսկ Հոկտեմբերյան հեղափոխոխությունը համարեց հաղթանակ անսահամանափակ ու կործանարար իշխանության նկատմամբ: Նա ուզում էր ամուսնու և Ալյայի ու այդ սեպտեմբերին ծնված փոքրիկ Իրինայի հետ տեղափոխվել Ղրիմ, սակայն ամուսինը անցել էր Ժամանակավոր Իշխանություների կողմը և կռվում էր բոլշևիկների դեմ:
Քաղաքացիական պատերազմը Ցվետաևային բաժանեց ոչ միայն ամուսնուց, այլև Վոլոշինից, ում նա երբեք էլ չտեսավ: Սպիտակ բանակի կազմում կռվող ամուսնու մասին Ցվետաևան երկար ժամանակ լուր չուներ: Քաղցած ու աղքատ Մոսկվայում նա գրում էր բանաստեղծություններ, որոնք գովերգում էին Սպիտակ բանակի քաջագործությունները: 1921 թվականի այդ բանաստեղծությունները հավաքվում են «Կարապների երամը» ժողովածուի մեջ և պատրաստվում տպագրության, սակայն նրա կյանքի օրոք ժողովածուն այդպես էլ լույս չի տեսնում, առաջին անգամ հրատարակվեց 1957 թվականին Արևմուտքում: Սակայն Ցվետաևան հրապարակայնորեն ու համարձակորեն ընթերցում էր այդ բանաստեղծությունները բոլշևիկյան Մոսկվայում:
Ցվետաևայի աղջիկը՝ Արիադնան |
Белый был — красным стал:
Кровь обагрила.
Красным был — белый стал:
Смерть победила.
Նա և երեխաները հազիվ էին ծայրը ծայրին հացնում, քաղցած էին մնում: 1919-1920 թթ ձմռանը Ցվետաևան նրանց հանձնեց Կունցևի մանկատուն: Շուտով իմացավ այնտեղի սարսափելի պայմանների մասին և մեծին` Արիադնային դուրս բերեց այնտեղից: Ցվետաևայի այս ընտրությունը պայմանավորված էր նրա անսահման սիրով մեծ աղջկա հանդեպ, նրա հետ Ցվետաևան կապված էր ընկերոջ նման, փոքրի հանդեպ նա ոչ միայն անտարբեր էր, այլև չէր կարող երկուսին էլ կերակրել: 1920 թվականի սկզբում Իրինան մահանում է: Նրա մահն արտահայտվել է «Две руки, легко опущенные…» բանաստեղծությունում (1920) և «Разлука» (1921) շարքում, որն ուղղված է ամուսնուն:
1921 թվականի հուկիսի 11-ին Ցվետաևան Կոստանդնուպոլսից նամակ է ստանում ամուսնուց: Շուտով Էֆրոնը հասնում է Չեխիա: Մի քանի փորձերից հետո Ցվետաևան վերջապես կարողանում է թույլտվություն ստանալ երկիրը լքելու համար և Ալյայի հետ հեռանում է հայրենիքից: 1922թվականին Ցվետաևան և Ալյան գալիս են Բեռլին: Այստեղ Ցվետաևան ընկերանում է սիմվոլիստ բանաստեղծ Անդրեյ Բելիի հետ, ով ժամանակավորապես ապրում էր Բեռլինում: Այստեղ նա տպագրում է իր «Արհեստ» բանստեղծությունների ժողովածուն և «Царь-Девица» պոեմը:
Շուտով Սերգեյ Էֆրոնը գալիս է կնոջ և աղջկա մոտ, բայց կարճ ժամանակ անց կրկին մեկնում է Չեխիա, որտեղ սովորում էր և կրթաթոշակ էր ստանում: 1922 թվականին Ցվետաևան գալիս է ամուսնու մոտ: 1925 թվականին ծնվում է նրանց երկար սպասված որդին, որին նրանք կոչում են Գեորգի /տանը նրան կոչում էին Մուռ /: Ցվետաևան պաշտում էր նրան, ձգտում էր ամեն հնարավորն անել նրա երջանկության ու բարեկեցության համար: Սակայն որդին մեծանում էր օտարացած և երես առած. կամա թե ակամա նա ողբերգական դեր խաղաց մոր ճակատագրի մեջ:
Պրահայում Ցվետաևան կապեր է հաստատում տեղի գրական խմբակների հետ, տպագրվում ամսագրերում, խմբագրում է «Ковчег» ալմանախը: 1924 թվականին լույս է ընծայում «Լեռան պոեմը», ավարտում է «Ավարտի պոեմը»: Առաջինում ներկայացված է Ցվետաևայի սիրավեպը ամուսնու բարեկամ Ռոդզևիչի հետ, երկրորդում նրանց վերջնական բաժանումը:
Բորիս Պաստեռնակի և Ցվետաևայի միջև բանաստեղծական երկխոսություն և նամակագրություն է սկսվում: Մինչև Ռուսաստանից հեռանալը Ցվետաևան լավ ծանոթ չէր նրա հետ, բայց այս շփումը դառնում է ջերմ ընկերություն նրանց միջև: Բայց 1935 թվականին Փարիզում տեղի ունեցած նրանց հանդիպումը հոգեպես օտար մարդկանց զրույցի է վերածվում:
1925 թվականին Ցվետաևան վերջնականապես որոշում է տեղափոխվել Ֆրանսիա: Ընտանիքը ծանր ֆինանսական պայմաններում էր ապրում, և նա հույս ուներ, որ Ֆրամսիայում ավելի լավ կյանք կկարողանա ապահովել իր և հարազատների համար: Փարիզն էլ այդ շրջանում դառնում էր ռուսական սփյուռքի գրականության կենտրոն, և Ցվետաևան իր ընտանիքի հետ տեղափոխվում է այնտեղ:
1925 թվականին նա ավարտում է իր «Առնետ որսացողը» պոեմը, որը գրված էր միջնադարյան մի լեգենդի հիման վրա, որտեղ մարդը իր սրնգի հրաշալի նվագով փրկում է քաղաքը առնետներից: Քաղաքացիները հրաժարվում են վճարել նրան այդ օգնության համար և մարդը նույն երաժշտության միջոցով հրապուրում և լեռան վրա է բարձրացնում քաղաքի բոլոր երեխաներին, որտեղից էլ նրանք ցած են ընկնում:
Ֆրանսիա տեղափոխվելը, սակայն, չի թեթևացնում Ախմատովայի կյանքը: Սերգեյ Էֆրոնը, ոչ պրակտիկ և կյանքի դժվարություններին անպատրաստ մի մարդ, չէր կարողանում շատ գումար վաստակել: Ցվետաևային քիչ էին տպագրում, փոփոխում էին նրա տեքստերը: Փարիզյան տարիներին նրան հաջողվեց տպագրել ընդամենը մեկ գիրք «Ռուսաստանից հետո» /1928/: Սփյուռքի նշանավոր քննադատները նրա գրականությունը բացասական էին գնահատում: Ցվետաևայի անհաջողությունները ավելի ու ավելի էին շատանում նրա ծանր բնավորության և ամուսնու վարքագծի պատճառով. Սերգեյ Էֆրոնը այդ տարիներին երազում էր սովետական անձնագրի մասին, ուզում էր հայրենիք վերադառնալ, աշխատում էր «Հայրենիք վերադառնալու միությունում», համագործակցում խորհրդային հատուկ ծառայությունների հետ: Մայակովսկու հանդեպ Ցվետաևայի ջերմ վերաբերմունքը նույնպես ընկալվում էր որպես խորհդային տրամադրություն, սակայն Ցվետաևան, ի տարբերություն ամուսնու և երեխաների, բոլորովին չէր ձգտում վերադառնալ Խորհրդային միություն: 1930-ական թվականներին Ցվետաևան հաճախ էր արձակ ստեղծագործում, գրել է ինքնակենսագարական պատմություններ, էսսեներ Պուշկինի մասին` «Իմ Պուշկինը», «Պուշկինը և Պուգաչովը»: 1930-ական թվականների վերջում Ցվետաևան մեծ ստեղծագործական ճգնաժամ է ապրում. նա գրեթե չի գրում այս տարիներին:
Ցվետաևան աղջկա՝ Արիադնայի հետ |
Ցվետաևան ծանր կոնֆլիկտ է ունենում աղջկա հետ, ով հոր նման ցանկանում էր հայրենիք վերադառնալ: Շուտով Սերգեյ Էֆրոնը մեղադրվում է խորհրդային հատուկ ծառայությունների նախկին գործակալի սպանության մեջ մասնակցություն ունենալու համար և ստիպված է լինում փախչել և թաքնվել Խորհրդային միությունում: Նրան է հետևում նաև Արիադնան: Ցվետաևան որդու հետ մնում է Փարիզում, սակայն Եվրոպային պատերազմն էր սպառնում, Ցվետաևան վախենում էր որդու համար, որն արդեն գրեթե մեծ էր: Չկար գումար ապրուստի և որդու կրթության համար, բացի այդ նրա ցանկությունն ու պարտքն էր միանալ աղջկա և ամուսնու հետ, և 1939 թվականին Ցվետաևան որդու հետ վերադառնում է հայրենիք:
Նրանք միասին են լինում շատ քիչ ժամանակ, շուտով Սերգեյ Էֆրոնին և Արիադնային ձերբակալում են, Էֆրոնին որոշ ժամանակ անց գնդակահարում են: Ցվետաևան կարողանում է միայն ժամանակավոր բնակարան գտնել, սակայն նրան շարունակում էին հալածել որպես ազգի թշնամիների կնոջ և մոր: 1940 թվականին տպագրության ներկայացված նրա ժողովածուն չի հրատարակվում: Իսկ գումար ընդհանրապես չկար: Ցվետաևան ստիպված էր ընդունել բարեկամների օգնությունը: Շուտով սկսվում է Հայրենական պատերազմը և Ցվետաևան որդու հետ հաստատվում է Ելաբուգա փոքրիկ քաղաքում: Այստեղ աշխատանք նույնպես չկար: Ցվետաևան խնդրում է թույլտվություն Չիստոպոլ տեղափոխվելու համար և աման լվացողի աշխատանք տեղի գրողների ճաշարանում: Սակայն ճաշարանն այդպես էլ չեն բացում և Ցվետաևան վերադառնում է Ելաբուգա: Այստեղ նա վիճում է որդու հետ, ով հավանաբար մեղադրում էր նրան ծանր պայմանների համար: 1941 թվականի օգոստոսի 31-ին Ցվետաևան ինքնասպան է լինում կախվելով: Նրա գերեզմանատեղը հայտնաբերված չէ:
Լինում են պոետներ «կենսագրությամբ» և «առանց կենսագրության»: Առաջինների ստեղծագործության մեջ արտահայտվում է նրանց կյանքի սյուժեն, և նրանց ճակատագիրն ու պոեզիան մեկ ամբողջություն են կազմում: Երկրորդների դեպքում կյանքը ու պոեզիան գոյություն ունեն իրարից միանգամայն անկախ, և բանաստեղծությունները հասկանալու համար հեղինակի կենսագրությունն իմանալը բոլորովին էլ պարտադիր չեն: Ցվետաևան վերին կարգի «կենսագրությամբ» պոետ է: Նրա ծագումը, նրա կյանքի հանգամանքները իմաստավորվել են նրա բանստեղծություններում և ստեղծել մի ամբողջ միֆ բանաստեղծուհու մասին, ընտրյալի ու տառապյալի մասին:
Ցվետաևան իդեալիստ էր և մաքսիմալիստ, նա ձգտում էր ոչ թե նրան , ինչ կար, այլ նրան, ինչ պետք է լիներ, դեպի իր իդեալը, որը գոյություն չուներ իրական կյանքում: Նա բուռն կերպով պայքարում էր անկատար աշխարհի դեմ, մերժում ամեն ցածր ու անարժան բան, պաշտպանում իր բարձր աշխարհը ցածր աշխարհից:
Ռուս կանացի բանաստեղծությանը խորթ էին Ցվետաևայի խիստ ու կոպիտ բանաստեղծությունները, որոնք բնորոշ են տղամարդ գրողներին: Կանացի թուլություններն ու թեթև բանաստեղծություններն էլ, սակայն, Ցվետաևային հատուկ չէին : Բանաստեղծությունները Ցվետաևայի ինքնաարտահայտման միակ միջոցն էին, այդ պատճառով նրանք չափազանց բաց են ու անկեղծ: Վալերի Բրյուսովը գրում էր, որ նրա բանաստեղծություններից երբեմն անհարմար ես զգում, ասես ինչ-որ գաղտնի տարածք ես թափանցել: Նրա բանաստեղծություններում նրա ողջ կյանքն է: Իր ողջ ստեղծագործությամբ և կյանքով Ցվետաևան փորձում էր ապացուցել կնոջ ուժեղ լինելու իրավունքը: Ազատության երջանկությունը նա գերադասում էր սիրելու և սիրված լինելու երջանկությանը: Բայց իր հպարտության հետ մեկտեղ Ցվետաևան նույնպես կարող է նվիրվել ակնթարթային սիրուն.
Мой! — и о каких наградах.
Рай — когда в руках, у рта —
Жизнь: распахнутая радость
Поздороваться с утра!
«Ես չգիտեմ ոչ միա այլ գրող, որն այսքան շատ գրի բաժանման մասին, որքան Ցվետաևան, և նա անգամ բաժանման մեջ է արժանապատվություն պահանջում»,- գրում է Եվգենի Եվտուշենկոն:
Не довспомнивши, не допонявши,
Точно с праздника уведены...
— Наша улица! — Уже не наша... —
— Сколько раз по ней... — Уже не мы... —
— Завтра с западу встанет солнце!
— С Иеговой порвет Давид!
Что мы делаем? — Расстаемся.
Ցվետաևան ասում էր, որ «տառապանքի խորությունը անհամեմատելի է երջանկության դատարկության հետ»: Այդ խորությունը նրա կյանքում լիուլի կար: Նրա կյանքի ուղին շատ դժվար է եղել: Ապրելով դժվար ժամանակներում, նա միշտ պոետ մնաց, անկախ նյութական ծանր պայմաններից, դժբախտ դեպքերից, որոնք հետապնդում էին նրան: Նա նախազգում էր իր ողբերգական վախճանը:
Христос и Бог! Я жажду чуда
Теперь, сейчас, в начале дня!
О, дай мне умереть, покуда
Вся жизнь как книга для меня.
Նա երազում էր մահ 17 տարեկանում` խուսափելու համար հետագա կորուստներից ու տառապանքից:
Что впереди! Какая неудача?
Во всем обман и, ах, на всем запрет! —
Так с милым детством я прощалась, плача,
В пятнадцать лет.
Առհասարակ Ցվետաևան հաճախ է մարգարեացել իր ճակատագրի վերաբերյալ: Իր ժամանակներում նա չգտավ իրեն արժանի ըներցողին և միշտ մնաց չհասկացված: Այսօր իսկապես գնահատում ու մեծարում են նրան, հազարավոր ընթերցողներ հիանում են նրա բանաստեղծություններով:
Что и не знала я, что я — поэт,
Сорвавшимся, как брызги из фонтана,
Как искры из ракет.
Ворвавшимся, кате маленькие черти,
В святилище, где сон и фимиам,
Моим стихам о юности и смерти —
Нечитанным стихам! —
Разбросанным в пыли по магазинам
(Где их никто на брал и не берет!),
Моим стихам, как драгоценным винам,
Настанет свой черед.
Հաճախ կյանքը որոշ գրողների տալիս է այնպիսի ճակատագրեր, որոնք իրենց դժվարությամբ հանդերձ նպաստավոր հող են դառնում գրողների տաղանդի զարգացման ու դրսևորման համար:
Այդպիսի բարդ ու ողբերգական ճակատագիր էր բաժին ընկել նաև Մարինա Ցվետաևային, 20-րդ դարի առաջին դարակեսի մեծագույն պոետներից մեկին:
Անահիտ Ալեքսանյան
0 Մեկնաբանություն: