Գորտերի հոգեբուժարանում` ջրաշուշանների տերևներից մեկի վրա նստած էր տխուր դեմքով մի գորտ: նայում էր իր արտացոլանքին ջրի հայելու մեջ, հետո նեղացած շրջվում, ապա հաշվում էր մինչև տասը, նորից նայում ու էլի հիասթափված ու ջղայնացած շրջվում: Մի քիչ հեռու էլ խղճի խայթից տանջվելով ես էի նստած (իհարկե, ոչ որպես հոգեբուժարանի հիվանդ) ու նայում էի նրան: Իսկ այս ամենը սկսվել էր այսպես…
- Բարև աղջիկ
- Բարև, մմմ…, գորտ, - չիմանալով ինչպես դիմել կմկմացի ես:
- Տղա եմ, տղա եմ, ուզո՞ւմ ես ապացուցեմ
- Չէ, չէ, հավատում եմ , հավատում եմ, - ասացի ես ու ուզում էի ճանապարհս շարունակել, բայց նա ցատկոտելով հասավ իմ ետևից:
- Աղջիկ, այ աղջիկ, քեզ մի քանի րոպեով կարելի է՞...
- Դե…ասա...
- Աղջիկ, այ աղջիկ, ինձ կհամբուրե՞ս: Վայ, ինչի՞ ես ծիծաղում:
- Չլինի արքայազն ես ուզում դառնալ
- Հա, ի՞նչ իմացար: Հենց դա էի ուզում ասեի: Լուրջ եմ ասում, իսկական արքայազն եմ, է~:
- Իսկ ո՞ր երկրի:
- Դե..հիմա որ երկրում ենք: Հայաստանու՞մ: Հա, ուրեմն, հենց Հայաստանի արքայազնն եմ:
- Է-է-էհ, գիտես, մենք երբ ենք արքայազն ունեցել: Դու 700 տարեկան կա՞ս:
- Չէ~, ի՞նչ ես ասում, ես ջահել-ջահել եմ:
- Դե ուրեմն չստացվեց: Հաջո~ղ, - էլի առաջ շտապեցի ես, բայց նա նորից հայտնվեց ոտքերիս մոտ, ձեռքերը մեկնեց ու փորձեց կանգնեցնել ինձ:
- Սպասի~ր, հա, լավ, արքայազն չեմ, բայց որ համբուրես, ես մարդ դառնամ, կամուսնանք, քեզ Ամերիկա կտանեմ, կամ էլ Քոբուլեթի, էնտեղ ծանոթ գորտր ունեմ, մեզ էժանով կտեղավորեն, կուզես, չէ՞:
Դե, սա արդեն չափազանց էր, էլ չդիմացա ու լավ ծիծաղեցիխեղճ գորտի վրա:
- Աղջիկ, այ աղջիկ, դե լավ համբուրիր, հա՞, ես, ես ,- ու մտածում էր, թե ինչ հորինի: մեր դպրոցի կողքով էինք քայլում (գորտի դեպքում թռչկոտում), մեկ էլ բացականչեց.
- Հա~, աղջիկ, ախր ես ձեր դպրոցի տնօրենն եմ: Այսօր առավոտյան եմ գորտ դարձել: Դե համբուրիր թուշիկիցս, աչիկ ջան, - ձայնը կոշտացնելով գլուխն առաջ ձգեց նա:
Ես մի պահ իսկապես պատկերացրի, որ հիմա կհամբուրեմ այդ գորտին թուշիկից ու նա կդառնա մեր դպրոցի տնօրենը, հետո էլ նրա դեմքը պատկերացրի ու էլի սկսեցի ծիծաղել:
-Ը-ը,- բացասական շաժեցի գլուխս:
- Վայ, բայց ի՞նչն ես: Ինչո՞վ դուրդ չեմ գալիս, հը՞ն: Հիմա ես ի՞նչ երեսով եմ գնալու տղերքի մոտ,- կիսաձայն մռթմռթում էր խեղճ գորտը: Բա որ ասեն. «Ուրեմն էտքան չկաս, հա՞»: Գիտե՞ս մեր շրջանում իսկական Դոն Ժուանի համբավ ունեմ: Բայց դա էլ ինչ: Ախր, էտ հեքիաթը ի՞նչ կլիներ որ ինձ չպատմեին:, հը՞ն: Աղջիկը համբուրում է, արքայազն ես դառնում: ես էլ եմ ուզում չէ՞...
Նա այնքան ոգևորված էր խոսում, որ չնկատեց էլ թե ինչպես գրկեցի նրան ու թուշիկից համբուրեցի թուշիկից (նա այդ ընթացքում էլ էր խոսում): Մեկ էլ հանկարծ.
- Հա՞, - ասաց ու նորից գոռաց, - աաա~:
- Ինչ-որ բան այն չէ՞:
- Չէ~, աաաա, հայելի~, հայելի~, աաաա~,- ցած թռավ ձեռքերիցս ու ցատկոտելով ու գոռգոռալով հեռացավ:
Իսկ ավելի ուշ ես իմացա, որ նա այնքան է գոռգոռացել ու համոզել բոլորին, թե ինքը շատ շուտով, ուր որ է արքայազն է դառնալու, որ նրան փակել են հոգեբուժարանում: Ու գնացի իմ խեղճ գորտին տեսության: Հետո սպիտակ խալաթով գորտերը վազեցին նրա մոտ, ասացին, որ տանում են սրսկումներ անելու: Իմ խեղճ գորտ: Երբ ուշքի եկավ ու տեսավ իրեն նույն անփոփոխ տեսքով, դեպրեսիայի մեջ ընկավ: Ես նրա համար շոկոլադ էի տանում, «լացելու» կինոներ, իսկ նա միայն համոզված հայտարարում էր, որ ամեն ինչ մեղավորը բժիշկներն են (նա հաստատ իսկական հայ գորտ էր)…
Դրանից հետո նա էլ երբեք չհամբուրվեց, ոչ էլ բժշկի գնաց… Իսկ ես որոշեցի, որպեսզի էլ ոչ մի գորտի կյանք չփչացնեմ, այլևս ոչ մի կոնտակտ նրանց հետ… Տեսնես կստացվի՞…
Անահիտ Ալեքսանյան
2 Մեկնաբանություն:
"Գորտերի հոգեբուժարանը" փորձեցի մտովի պատկերացնել ու միանգամից տրամադրությունս բարձրացավ: Կեցցես ))
apres :)))))