![]() |
Արմեն Օհանյան |
Երկրորդ հեքիաթը, կամ հեքիաթի նորովի մեկնաբանությունը կրկին պատկանում է երիտասարդ ժամանակակից գրողի` Արմեն Օհանյանին: Հեքիաթը կոչվում է Կիկոսի վերադարձը ու Կիկոսի շարունակությունն է: Կիկոսը վերադառնում է և պատմում իր իսկ հեքիաթը պարզապես արդեն Արմեն Օհանյանի միջոցով: Սա և հեքիաթ է , և հեքիաթի վերլուծություն, վերլուծություն հենց հերոսի կողմից: Հեքիաթի հերոսն է ներկայացնում իր հեղինակներին, հարգանքով հիշում Թումանյանին ու ներկայացնում նաև մյուս հեղինակին: «Անունն Արմեն է, էս տողերի հեղինակն է: Բարդ ենք հարաբերվում, լեզու չենք գտնում: Հեղինակս ուզում է հաղթահարել իմ մահվան պատմությունը, քանի որ համոզված է. իր ժողովրդի հետագա հաջողությունը Թումանյանի հեքիաթները վերապրելուց է կախված: Նրա հասկանալով` հայկական ժամանակը քարացել է երեք հզոր հեքիաթի մեջ. Ձախորդ Փանոսը հայի անցյալն է, հայի բախտը, որ չի բերել, Քաջ Նազարը` ներկան, հայոց երազն ու երազանքը, իսկ Կիկոսի մահը` վախն ապագայի նկատմամբ»:
Ապա պատմում է «իր մահը», հենց այդպես, ամեն ինչ եղել է , ինչպես Թումանյանի հեքիաթում, մայրն ու մորաքույրներն չեղած բանի համար այդպիսի ողբ են դրել, պապն էլ ստիպված անթաղում քելեխ է տվել, որ իր կույս աղջիկների մեջ մտած սարսափը դուրս գա ու չբերություն չբերի: Ու չբերեց., պատմում է Կիկոսը, երեք տարի հետո ծնվեցի ես: Բայց մինչև Կիկոսի «երկրորդ կյանքին» անցնելը կանգ առնենք առաջինի վրա:

- Կիկոս, մահդ սովորե՞լ ես:

Հաստաբունը կտրելով չես կտրի առասպելը, առասպելը հենց հերոսների հոգու մեջ է, հենց այդ վախն է պետք արմատախիլ անել: Տարիներն անցնում են, իսկ պատանուն կանչող գաղտնիքը հանգիստ չի թողնում. հիմա էլ Կիկոսի նոր գլխարկն է չգիտես ինչպես հայտնվել հաստաբունի վրա: Մղձավանջները տանջում են Կիկոսին. Երազում անէանում, հետո մոր արգանդում է հայտնվում, մեծանում նորից, ձևավորվում ու լույս աշխարհ է գալիս, և հասակ առնում զարմանալի արագությամբ: Ու նորից, գլխարկը` հաստաբունի վրա: Կիկոսը ծառ է բարձրանում, իսկ մոր պորտալարը կպած է իրեն, բարձրանում է Կիկոսը, ձգվում է պորտալարը, խանգարում, որ հասնի գդակին, ձգվում, ձգվում ու պոկվում: Այս մեկը երազ էր, նույնն իրականության մեջ է հարկավոր: Տանը կռիվ, պայքար, պետք է հաղթահարել, ոչ մի արգելք էլ չի կանգնեցնի: Կացինն առած վազող պապը, որ ամենաառաջին պայքարողն էր Կիկոսի` ծառ բարձրանալու դեմ, խրում է կացինը հողի մեջ ու հեռանում` արցունքն աչքերին: Բոլորը, բոլորը հավաքվել են, բոլորը նայում են, Կիկոսը պետք է բարձրանա, ինչ ուզում եք արեք: Հետո նրանք բոլորն էլ Կիկոսի աչքին Կիկոս են երևում, ու նրանք էլ են բարձրանում ծառը, մի քանիսն ընկնում են, հետո նորից վեր բարձրանում, նորից փորձում, նորից պայքարում ու հասնում գդակներին: Ու հաստաբունից հազարավոր գդակներ են ցած նետվում: Իսկական Կիկոսն էլ իր գդակին է հասել. «Իմ լացն էլ է գալիս, հաստաբունս գրկել եմ ու չեմ հասկանում` հեքիաթ էր, կյանք էր, երազ էր, թե գրականություն… Մտածում եմ` տեր իմ Աստված Հովհաննես Թումանյան, եսիմ ծառի ծերին եմ, հրես ուրախությունից կմեռնեմ, ու կլինի Կիկոսի երկրորդ մահը: Բա դա՞ ով կգրի»:

Իսկական հեքիաթները երբեք չեն հնանում, իսկ հերոսներն էլ չեն ծերանում: Նրանք դուրս են գալիս հեքիաթի միջից ու քայլում մեզ հետ հավասար, նրանք պատրաստ են փոխել իրենց հագուստը, նորագույն տեխնիկա ձեռք բերել, փոխել ապրելաոճն ու մտածելակերպը, բայց նրանք միշտ, բոլոր ժամանակներում ասելիք ունեն և ամենակարևորն այն է, որ նրանց միշտ էլ լսում են…
Անահիտ Ալեքսանյան
0 Մեկնաբանություն: